Հայաստանի տնտեսությունն արձանագրում է ավելի բարձր աճ, քան կանխատեսել էր կառավարությունը: Այսպես` 2010 թ. բյուջեի հիմքում դրված է տարեկան 1.2 տոկոս աճի կանխատեսումը, իսկ առաջին կիսամյակի տվյալներով փաստացի աճը կազմում է արդեն 6.7 տոկոս:

Սովորաբար նման դեպքերում կառավարությունները վերանայում են աճի կանխատեսումները, սակայն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նման վերանայումներ չեն լինի: «Մենք մակրոտնտեսական ցուցանիշների եւ բյուջեի հաճախակի փոփոխությունների կողմնակից չենք: Այս տարի կանխատեսումները հատուկ զգուշավոր էին` ավելի լավ ցուցանիշների հույսով, եւ այդ սպասումներն արդարացան»,- ասաց ֆինանսների նախարարը: Նրա կարծիքով` նախ պետք է համոզվել, որ աճի գործընթացը լինելու է երկարատեւ եւ անշրջելի, որից հետո միայն փոփոխել մակրոտնտեսական կանխատեսումները:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 1.8 տոկոսից բարձրացրել է մինչեւ 4 տոկոս, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը` 4.5 տոկոսից մինչեւ 4.6 տոկոս: