Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչեր դեռեւս 1992 թվականին, բայց խիստ ուշացավ եւ սխալվեց՝ չանելով դա։ Հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Հայաստանը սխալվեց եւ ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորությունը ձեռքից բաց թողեց նաեւ 1994 թվականին։ «Եռակողմ զինանադադարի կնքման ժամանակ պետք էր, որ Հայաստանն իր իրավական վերաբերմունքն արտահայտեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ակնհայտ էր, որ այդ ընթացքում կային պետություններ, որոնք լրջորեն պատրաստ էին դիտարկել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը, սակայն ակնհայտ էր նաեւ, որ գործընթացին խանգարում էր այն փաստը, որ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել Հայաստանը։ Մենք քաղաքական քաջություն չունեցանք ճանաչել ԼՂՀ անկախությունը, այնինչ այս հարցը պետք է լուծված լիներ դեռեւս Կոսովոյի անկախության հռչակումից շատ առաջ»,- նշեց Հովհաննիսյանը։
Ամփոփելով՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահը հույս հայտնեց, որ ՀՀ վարած ճշգրիտ քաղաքականության դեպքում Կոսովոյի նախադեպը հնարավոր է կիրառել նաեւ Ղարաբաղի դեպքում։
Նշենք, որ Հաագայի Միջազգային դատարանը երեկ հաստատել է, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին։




























