Հայ ազգային Կոնգրեսի ներսում պառակտում առկա չէ, իսկ ՀՀՇ-ից Կարապետ Ռուբինյանի հեռանալը պետք է դիտարկել ՀՀՇ ներկուսակցական գործընթացների համատեքստում: Այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Ես ՀԱԿ-ում պառակտում չեմ տեսնում: Մինչեւ հիմա եղել է ընդամենը մեկ մարդու բողոք, որը չի ընտրվել ՀՀՇ վարչության կազմում»,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը՝ նկատի ունենալով Կարապետ Ռուբինյանի հրաժարականը: ՀԱԿ համակարգողն արձագանքեց նաեւ Կարապետ Ռուբինյանի դժգոհությանը, թե Լեւոն Տեր–Պետրոսյանը չհանդուրժեց իր այլակարծությունը, հետեւապես այդ պատճառով էլ թույլ չտվեց իրեն ընտրվել ՀՀՇ վարչութան կազմում: «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից այլակարծության չհանդուրժում ես չեմ տեսել»,-նշեց Զուրաբյանը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում ՀԱԿ-ը արդյունավետ համագործակցել է Ռուբինյանի հետ եւ որեւէ վեճ կամ կոնֆլիկտ այս ընթացքում չի եղել:




























