Այն, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի տրամադրած կայունացման վարկի կեսը ուղել է երկրի արդյունաբերական ձեռնարկությունների վարկավորմանը, որոշակի իմաստ ունի, NEWS.am-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Թե տվյալ միջոցների տրամադրումը որքանով է արդարացվում՝ կտեսնենք մոտակա ամիսներին»,-ասում է փորձագետը, նշելով, որ այն բավարար չէ ողջ արդյունաբերական բնագավառի խթանման համար։ Միաժամանակ, Մանասերյանը հայտնել է իր դժգոհությունը առ այն, որ վարկավորված կազմակերպությունները ՀՀ կառավարությանը չեն ներկայացրել, իրենց նախնական բիզնես-ծրագրերը։

Այն հարցին, թե արդյոք համաձայն է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի այն կանխատեսմանը, որ երկրի արտաքին պարտքը 2011թ-ին կկազմի համախառն ներքին արդյունքի 45 տոկոսը, Մանասերյանը ասել է, որ ԱՄՀ կանխատեսումը կաղում է։ «Ես հիացած չեմ ԱՄՀ եւ Համաշխարհային բանկի աշխատանքներով, հարկ է, որ այս կազմակերպությունները ավելի արդյունավետ գործեն, այնպես որ՝ սկզբից թող լուծեն իրենց խնդիրները, այնուհետեւ անդրադառնան մեր խնդիրներին»,-ասել է Թաթուլ Մանասերյանը։