Երեկ Ջերմուկում տեղի են ունեցել ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Կայացած յոթ պարտիաներից միայն մեկում արձանագրվեց ոչ-ոքի: Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, որոնք հանդես էին գալիս սևերով, պարտություն են կրել: Մասնավորապես, Արոնյանը զիջել է ուկրաինացի Պավել Էլյանովին, ով մինչեւ այդ իր բոլոր հանդիպումներն ավարտել էր ոչ ոքրի արդյունքով:
Լեւոն Արոնյանը անցկացրած յոթ պարտիաներից երեքում հաղթել է, երկուսում պարտվել, իսկ մնացած երկու պարտիաներում վաստակել կեսական միավոր:
Վլադիմիր Հակոբյանը 7-րդ տուրում պարտվել է մեկ այլ ուկրաինացի գրոսմայստերի` երիտասարդ Սերգեյ Կարյակինին, ով 58-րդ քայլին ստիպեց Հայաստանի հավաքականի խաղացողին հանձնվել: Նույն տուրում պարտություն է կրել նաեւ բուլղարացի Իվան Չեպարինովը, ով այս անգամ սևերով զիջել է հունգարացի Պետեր Լեկոյին: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել միայն տուրի կենտրոնական Կասիմջանովը-Իվանչուկ մրցավեճում:
Ներկայումս Պետեր Լեկոն 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան 4,5 ական միավորով հաջորդում են Իվանչուկն ու Կասիմջանովը: 4-8-րդ տեղերը 4-ական միավորով բաժանում են Արոնյանը, Գելֆանդը, Կարյակինը, Էլյանովն ու Ալեքսեեւը: 9-րդ հորիզոնականում ֆրանսիաց Բաքրոն է, 10-րդում` ռուսաստանցի Յակովենկոն, 11-13-րդ տեղերում` Հակոբյանը, Չեպարինովը եւ Կամսկին եւ վերջապես վերջին տեղում հայտնվել է ռուսաստանցի Ինարկիեւը:




























