Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը ԼՂ կարգավորման գործընթացի վրա ազդեցություն ունենալ չի կարող, եւ պետք չէ այդ որոշումից ոգեւորվել: Հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Նախ, ամերիկյան կողմի հայտարարությամբ արդեն զգալի էր, որ աշխարհում նման խնդիրները լուծելու համար երկակի չափորոշիչներ կան: Կոսովոյին կարելի էր, մյուսներին չի կարելի: Սա է պատճառը, որ ասում եմ՝ պետք չէ ոգեւորվել, մանավանդ` Ղարաբաղի խնդրում հիմքերն ավելի ամուր էին, քան ցանկացած բոլոր տիպի նման խնդիրներում, ընդ որում` նաեւ Կոսովոյին է վերաբերվում»,- ասաց Սահակյանը: Նա միաժամանակ նշեց, որ դատարանի եզրակացությունը հնարավորություն է տալիս հայկական կողմին` փոքր ինչ վերափոխել արտաքին քաղաքականությունը եւ «նոր ռելսերի վրա դնել» այն:

Ըստ նրա՝ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է հորդորի բարեկամ պետություններին` գործընթաց սկսել եւ Ղարաբաղը ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:

ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց նաեւ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանի՝ նախօրեին արված առաջարկին, ըստ որի՝ ԼՂՀ ԱԳՆ-ն եւս պետք է բարեկամ երկրների հետ խորհրդակցություններ նախաձեռնի  ԼՂ հնարավոր ճանաչման ուղղությամբ: «Կիսում եմ Բեքարյանի ասածը, սակայն չեմ ուզում ԼՂՀ ԱԳՆ-ին առանձնացնել ՀՀ ԱԳՆ-ից, որովհետեւ դա մեզ համար համազգային խնդիր է եւ այդքան չի կարելի անհատականացնել»:

Գալուստ Սահակյանը անդրադարձավ նաեւ այն տեսակետին, ըստ որի` ինչ լուծման համաձայնի Ղարաբաղը, Հայաստանը համաձայն է: «Երբեմն ասում ենք, որ Ղարաբաղը ոնց կորոշի, մենք  համաձայն ենք: Դա ասում ենք, բայց դա այդպես չէ:  Ոնց որ հայերը կորոշեն, այդպիսի լուծում էլ կստանա Ղարաբաղը», ասաց նա ու հավելեց, որ Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի վճռից հետո Հայաստանը պետք է խոսի ոչ թե զիջումների մասին, այլ պիտի խոսի ԼՂ ժողովրդի ինքնորոշման փաստի մասին. «Մենք այսօր պիտի կռվենք այն բանի համար, ինչն ունենք»:

Նա նաեւ հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացն այս պահին ամենազորեղ դաշտն է, որում Հայաստանը կարողանում է արտահայտվել եւ իր մտորումներով կիսվել միջազգային հանրության հետ: Հետեւապես՝ բանակցությունները պետք է շարունակվեն այդ ֆորմատի շրջանակներում: