Այն լուրերը, որ Երեւանում արդեն համատարած թանկացել են ալյուրն ու հացը՝ իրականությանը լիովին չեն համապատասխանում։ Այսօր NEWS.am-ի խումբը դիտարկեց երեւանյան խանութները՝ պարզելու, թե ինչ չափով են թանկացել հացն ու ալյուրը։ Պարզվեց, որ որոշ խանութներում ու սուպերմարկետներում իսկապես թանկացում կա, սակայն մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը կամ ինչու պետք է հացը թանկանար։ Ընդ որում՝ հացը նոմինալ արժեքով չի էլ թանկացել, սակայն օրինակ «Երեւան Սիթի»-ում ակնհայտորեն մատնաքաշ տեսակի հացը բարակել էր։ Սակայն այդ նույն սուպերմարկետում ալյուր կարելի է ձեռք բերել ինչպես նախկինում՝ կգ-ը 200 դրամով։ Fine food սուպերմարկետում ընդհակառակը՝ թանկացել էր ալյուրը, իսկ հացի գինը եւ քաշը մնացել էին նույնը։ Երեւանյան խանութների մեծ մասում ալյուրի եւ հացի գնի փոփոխություն առայժմ չկա, սակայն նման սպասումներ կան։ Վաճառողուհիների մեծ մասը հավաստիացնում է, որ վերջին շաբաթվա ընթացքում գնի որեւէ փոփոխություն չեն կատարել։

Սակայն, այնուամենայնիվ, հացի եւ ալյուրի գների որոշ թանկացումն անխուսափելի կլինի։ Ըստ երեւույթին՝ հացի գործարաններն աշխատում են դեռեւս պահեստավորված ալյուրով, որը թույլ է տալիս գնի կտրուկ փոփոխություն չկատարել։ Համաշխարհային շուկայից եկող նորությունները բնավ էլ հուսադրող չեն։ Այսպես՝ հացահատիկի շուկայում մասնագիտացած հոլանդական Rabobank-ը բարձրացրել է հացահատիկի համաշխարհային գնի կանխատեսումը մոտ 10 տոկոսով։ Առաջիկա 12 ամիսներին, բանկի վերլուծաբանների հաշվարկներով, հացահատիկի գինը կտատանվի 1 տոննայի համար 184-222 դոլար միջակայքում։ Ավելի վաղ բանկը կանխատեսել էր հացահատիկի գնի միջակայքը 165-202 դոլար սահմաններում։ Կանխատեսման փոփոխությունը պայմանավորված է Հյուսիսային կիսագնդում հացահատիկի արտադրության կրճատմամբ։

Արդյունքում՝ ցորենի գինը եվրոպական եւ ամերիկյան բորսաներում նորից սկսել է աճել։

Փարիզյան բորսայում երեկ պարենային հացահատիկի հոկտեմբերյան ֆյուչերսի գինը բարձրացել է 1,8 տոկոսով՝ մինչեւ տոննայի համար 180,7 եվրո կամ 234,9 դոլար։ Ընդ որում՝ առեւտրի ընթացքում ֆյուչերսը բարձրացել է մինչեւ 184,2 եվրո՝ Ռուսաստանից ցորենի արտահանման սահմանափակումների լուրերի ազդեցությամբ։ Դա 2008 թ. սեպտեմբերից հետո ամենաբարձր գինն է։

Երեքշաբթի ամերիկյան բորսաներում հացահատիկայինի գները սկսել են աճել Ռուսաստանից եւ Ուկրաինայից ստացվող նորությունների պատճառով։ Չիկագոյի բորսայում սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,9 տոկոսով եւ մոտեցել է 1 բուշելի համար 6 դոլարին (218,6 դոլար՝ տոննայի համար)։ Մասնավորապես՝ Ուկրաինայում կանխատեսվում է պարենային հացահատիկի արտադրության 15 տոկոսով անկում, իսկ ռուսաստանյան վերլուծաբանները նվազեցրել են հացահատիկի բերքի գնահատականները մինչեւ 70-78 մլն տոննա՝ նախկին 77-85 մլն տոննայի համեմատ։