Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ապրիլի 24-ին ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այս մասին հաղորդում է տեղական El Nacional պարբերականը:
Իսկ ապրիլի 23-ին Վենեսուելայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ուղիղ հեռարձակմամբ կցուցադրեն Սուրբ Էջմիածնում անցկացվելիք Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Ապրիլի 25-ին Eurobuilding հյուրանոցում հիշատակի միջոցառում կանցկացվի: Կարակասում միջոցառումները կշարունակվեն ամբողջ 2015 թվականի ընթացքում:
«Այդ ողբերգական իրադարձությունները բազմաթիվ գիտնականներ, այդ թվում՝ որոշ թուրքական, համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Դա Հոլոքոստից հետո ամենաշատն ուսումնասիրված երկրորդ ցեղասպանությունն է»,- գրել է թերթը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005 թվականին:




























