Հայոց ցեղասպանության թեման շարունակում է լուսաբանվել աշխարհի ամենատարբեր անկյուններում: Այդ թեմայով հոդված է գրել նաեւ Դոմինիկյան հանրապետությունում հրատարակվող Hoy պարբերականը:
«Թուրքական իշխանությունների՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների օրը փոխելու որոշումը կարող է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախաձեռնությունները խափանելու փորձ լինել: Այդ կարծիքին են թուրքական կողմի քննադատները:
Ինչպես եւ անցյալ տարի, Անկարան հաստատեց Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արարողություններն ապրիլի 24-ին անցկացնելու որոշումը:
Հայաստանն ու մի շարք այլ պետություններ կարծում են, որ Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանությունները 1.5 մլն հայի կյանք խլեցին եւ նախապես ծրագրված էին:
Համաշխարհային առաջնորդները դժվարին ընտրության առջեւ են կանգնած: Նրանց թվում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Պուտինը, այնուամենայնիվ, Հայաստան կմեկնի, իսկ Թուրքիա կգնա խորհրդարանի նախագահը՝ երկիրը պաշտոնապես ներկայացնող չորրորդ անձը»,- գրել է պարբերականը:





























