Սլովենիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը՝ Հռոմ) օրերս իր հավատարմագրերը հանձնեց Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին: Սլովենիայի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդեց հավատարմագրերի հանձնումը եւ Սլովենիայի նախագահի հետ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը: Նախագահ Պահորը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով դեսպանին` Սլովենիայի նախագահը հույս հայտնեց, որ նա իր ջանքերը կներդնի հայ-սլովենական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:
Իր հերթին դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ հայ-սլովենական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, եւ հավաստիացրեց, որ ջանք չի խնայի դրանց ընդլայնման ուղղությամբ: Դեսպանը Սլովենիայի նախագահին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դրանց էությունն ու բովանդակությունը: Դեսպան Ղազարյանը նախագահ Պահորին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներդրած ջանքերի մասին: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող հարցեր:





























