Հայոց ցեղասպանության 100-ամյակը արդիական է ոչ միայն այդ ժամանակաշրջանի հիշատակն ու արդարությունը վերականգնելու իմաստով, այլ նաեւ այն պատճառով, որ աշխարհում այսօր ցեղասպանության տարրերի դրսեւորման քիչ օրինակներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի դաշնային խորհրդի՝ դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման եւ Հյուսիսի հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, որտեղ ոչնչացնում են մարդկանց, երբ այսօր որոշ քաղաքական գործիչներ հնարավոր են համարում նացիզմի եւ ֆաշիզմի վերականգնումը, եւ դա առաջին հերթին կապված է Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի հետ, դա անհանգստության ծանրակշիռ պատճառ է։ Ուստի մեր պատվիրակության համար շատ կարեւոր է հիշատակի միջոցառումներին մասնակցելը»,- նշեց Չերնիշենկոն՝ ընդգծելով ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հիշատակի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարած այցի կարեւորությունը։
«Այդ ամենը շատ կարեւոր ազդակ է միջազգային հանրությանը։ Չի կարելի կորցնել զգոնությունը։ Պետք է հասկանանք, որ մարդկությանն ու միջազգային հանրությանը սպառնացող վտանգը դեռ մնում է։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների օրը կարեւոր են ոչ միայն անցյալ դարի սկզբին զոհված հայերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, այլ նաեւ զգուշացնելու նրանց, ովքեր այսօր ապրում են միջազգային հանրության մեջ»,- եզրափակեց Չերնիշենկոն։





























