Ժամանակակից Թուրքիան պատասխանատու է իր նախորդի համար, որը Ցեղասպանություն է իրականացրել։ Այդ մասին հայտարարել է կանադացի փորձագետ Պատրիկ Դանբերին՝ Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում։ Փորձագետի ելույթը կրել է «Պետության պատասխանատվությունը ցեղասպանության համար» անվանումը։
Արդյոք Թուրքիան նույն պետությո՞ւնն է, ինչ Օսմանյան կայսրությունը, պատասխանատո՞ւ է պետությունը իր գործողությունների համար եւ ո՞ւմ պետք է փոխհատուցում վճարի՝ զոհերի՞ն, թե՞ պետությանը։ Լավ փաստաթղթավորված է, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է արել հայերի դեմ, Թուրքկան Հանրապետություն ստեղծվել է 1923թ.։ Կարո՞ղ է պատասխանատվություն կրել մինչ այդ կատարվածի համար։ Նույնակա՞ն է արդյոք Թուրքիան Օսմանյան կայսրության հետ. Հարցադրումներ է արել փորձագետը։
Նրա խոսքով, այն, որ կայսրությունը կորցրել է տարածքների մեծ մասը, չի նշանակում, որ նոր պետություն է ստեղծվել։ Կառավարման ձեւի փոփոխությունը եւս չի նշանակում նոր պետության ստեղծում։ Այսինքն, չի կարելի ասել, թե Թուրքիան նոր պետություն է, քանի որ պետության միջուկը նույնն է, բնակեցված հիմնականում թուրքերով։ Թուրքիան պնդում է, թե նոր պետություն է, որ չկապվի Օսմանյան կայսրության պարտքերի հետ։ Բայց մյուս պետությունները հրաժարվեցին նրան ճանաչե որպես նոր պետություն, հիշեցրել է փորձագետը՝ հավելելով, որ բոլոր գիտնականները համաձայն են՝ Թուրքիան նույն պետությունն է, ինչ Օսմանյան կայսրությունը։ «Դա ենթադրում է իրավունքների եւ պարտականությունների համակցություն։ Նախադեպային իրավունքը վկայում է, որ պետք է պատասխանատվություն լինի ախորդ հանցագործությունների համար, մինչեւ 1923թ. տեղի ունեցած սպանդի համար, նույնիսկ եթե այդ գործողությունները կատարել է Օսմանյան կայսրությունը։





























