Թուրքիայի ասորիներից կազմված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի» կոմիտեի անդամները աշխարհի ժողովուրդներին կոչ են արել հանուն մարդկության ապրիլի 24-ին մեկօրյա պաս պահել։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ ասորիների «Ցեղասպանության 100-րդ տարելիցի» կոմիտեի անդամները հանդես են եկել 1915-ի ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ։
«100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ մոտ 2 մլն մարդ է կոտորվել եւ հարյուրհազարավոր մարդիկ բռնի տեղահանվել են իրենց հողերից։ Ջիհադի կոչով ցանկացել են ասորի, հայ եւ հույն ժողովրդներին ոչնչացնեն եւ սրբեն նրանց մշակույթային հետքերը»,-նշվել է հայտարարություն մեջ։
Հայտարարության մեջ շեշտվել է, որ Թուրքիայի հանրապետությունը Օսմանյան Թուրքիայի ժառանգն է եւ պետք է ընդունի 1915-ի ցեղասպանությունը, հետ վերադարձնի հայերին, հույներին եւ ասորիներին պատկանող գույքն ու հոգեւոր կառույցները։
«Ցեղասպանության խորհրդանշական օր հանդիսացող ապրիլի 24-ին բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում մեկօրյա պաս պահել հանուն մարդկության։
Նշենք, որ Թուրքիայի ասորիները 100 ժամյա պաս են պահում մինչեւ ապրիլի 24-ը։





























