Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  անձամբ խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Բունդեսթագի բանաձեւում չներառել ցեղասպանություն բառը։

Ապրիլի 21-ի երեկոյան Դավութօղլուն այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Մերկելի հետ, գրում է գերմանական Die Welt պարբերականը։ Համաձայն թերթի աղբյուրների՝ Դավութօղլուն իր պահանջը հիմնավորել է նրանով, որ 1915թ. հայերի սպանությունների համար ցեղասպանություն եզրը կիրառելի չէ, քանի որ այն միայն 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին է սկսվել կիրառվել։ Թուրքիայում ցեղասպանության ժխտումը առաջվա  պես համարվում է պետական դիրքորոշում։

Նշենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում խմբակցությունների կողմից քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության մասին  բանաձեւը, որում ասվում է, որ ավելի քան 1 մլն հայերի պարբերական ջարդերը եւ սպանությունները  զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ, այո, 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է։ Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք Հոլոքոստի առանձնահատկությունը, որի պատասխանատվությունը կրում է Գերմանիան։

Նշենք, որ ի սկզբանե Դաշնային  կառավարությունը պնդում էր, որ բանաձեւում ընդգրկված չլինի ցեղասպանություն եզրը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի  հայտարարությունից հետո Բունդեսթագի պատգամավորներն ու առաջատար քաղաքական գործիչները իրենց բողոքը հայտնեցին այդ սահմանափակումների դեմ։