Հայերն ու թուրքերը շատ ընդհանուր բաներ ունեն, եւ ժամանակն է ճանաչել այն, ինչ մեր միջեւ եղել է, հաղթահարել այդ արգելքը եւ առաջ գնալ։ Այս մասին LifeNews –ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը։
Նա նշել է, որ հայերը երբեք առանձնապես չեն սիրել ընդարձակվել այդ թեմայով։
«Կարծես թե նրանք ամաչում էին, չնայած ամոթ պետք է զգանք ոչ մենք, այլ նրանք, ովքեր դա արել են։ Սակայն պետք է նշեմ, որ այսօր Թուրքիայում արդեն կան մարդիկ, որոնք ճանաչում են այդ փաստը։ Եվ նրանք գնալով շատանում են։ Պետք է հասկանանք, որ երբ ես խոսում եմ ցեղասպանությունից, ես խոսում եմ այն մասին, որ որ դա պաշտոնական մակարդակով չի ճանաչվել։ Եվ ես ուզում եմ ասել, որ եթե չլիներ ցեղասպանությունը, Թուրքիան ի դեմս ինձ կունենար շատ հայտնի երգիչ։ Նրանք կորցրեցին հայ մտավորականներին, նրանց չհաջողվեց ոչնչացնել մտավորականներին, մենք կարողացանք ապրել, իսկ թուրքերը կորցրեցին աշխարհահռչակ մարդկանց, որոնք փախան այդտեղից ,եւ որոնք կարող էին լինել այդ երկրի մի մասնիկը։ Սակայն այդ ամենը անցյալ է, հիմա մենք 21-րդ դարում ենք ապրում, եւ ժամանակն է իրերին այլ կերպ նայել։ Մեր երկու ազգերը շատ ընդհանուր բաներ ունեն, եւ ժամանակն է ճանաչել այն, ինչ մեր միջեւ եղել է, հաղթահարել այդ արգելքը եւ անցնել առաջ»,- ասել է Ազնավուրը։




























