Շառլ Ազնավուրը բացահայտել է առողջության, բայց ոչ երիտասարդության գաղտնիքը։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում իր համերգի նախաշեմին LifeNews-ին տված հարցազրույցում։ Նա բացել է նաեւ իր երգերի ժողովրդականության գաղտնիքը. դրանք լավ տեքստերն են։

«Այդ գաղտնիքը մինչ օրս բացահայտված չէր, ցավոք։ Իսկ գաղտնիքը հետեւյալն է. Շատ հիմարություններ չանել, շատ չխմել, գինին վայելելով ըմպել եւ ընդամենը մեկ գավաթ, այլ ոչ թե հարբել։ Ես երբեք ուտելիքն ամբողջովին չեմ ուտում, միշտ ուտում եմ կեսը։ Ուշ երեկոյան ես ոչ մի տեղ չեմ գնում։ Գիշերային ակումբում ինձ չեք կարող հանդիպել։ Ես 47 տարի առաջ թարկել եմ ծխելը, իսկ մինչ այդ օրական ծխում էի 3 տուփ Gauloises։ Ես չեմ զբաղվում սպորտով, ինձ ամբողջ կյանքում ասել են, որ  չի կարելի ուտել սուր, յուղոտ եւ քաղցր բաներ, բայց ես ուտում եմ։ Վուալյա»,- ասել է Ազնավուրը։

Նրա խոսքով՝ իր երգերի ժողովրդականության գաղտնիքը տեքստերի մեջ է։  «Ժամանակակից երգերը հիմնականում բառերի հավաքածու են եւ լյա-լյա-լյա, որոնք կարելի է հաջողությամբ փոխարինել այլ բառերով։ Դրա համար էլ այդ երգերը չեն մնում ո՛չ գլխում եւ ո՛չ էլ սրտում։ Օրինակ Լեո Ֆերեի եւ Շառլ Տրենեի երգերում շատ ուժեղ բառեր կան, դրա համար էլ այդ երգերը կապրեն հավերժ»,- ասել է նա։