Եգիպտոսը թեեւ պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանությունը, սակայն գործնականում դեռեւս 100 տարի առաջ է ընդունել այն: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսի արտաքին գործերի խորհրդի աշխատակից, պաշտոնաթող գեներալ-մայոր, Նասրի ռազմական ակադեմիայի խորհրդական Մահմուդ Խալաֆը, որը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նրա խոսքով՝ Եգիպտոսն առաջին երկրներից է, որ 1915թ. ընդունել է հայերին, եւ այսօր էլ հայերի ամենախոշոր համայնքներից մեկը հենց իրենց երկրում է:
«Չնայած մեր երկիրը պաշտոնապես չի ճանաչել Ցեղասպանությունը, սակայն եթե մենք իրականում չճանաչեինք այն, այսօր այստեղ չէին լինի։ Չմոռանանք, որ մեր վարչապետը եղել է ազգությամբ հայ Նուբար Փաշան։ Ես դեռ փոքր փոքր երեխա էի, երբ ամեն ինչ գիտեի Ցեղասպանության մասին։ Մեր հարեւանները հայեր էին, ու նրանք մեզ ամեն ինչ պատմել են այդ մասին։ Եգիպտոսն առաջին երկիրն է, որ հայերին ընդունել է Ցեղասպանությունից հետո։ Դա ի՞նչ է, եթե ոչ ճանաչում»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասնակցելու համար Եգիպտոսից ժամանել է 55 հոգանոց պատվիրակություն:





























