Ավստրիայի խորհրդարանի վեց խմբակցությունների կողմից Հայոց ցեղասպանության մասին համատեղ հայտարարության ընդունման գործընթացը հեշտ չէր, քանի որ Ավստրիայում մեծ թվով թուրքեր են բնակվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին լրագրողների հետ զրույցում ասաց «Արևմտահայոց ազգային համագումարի» նախագահ Սուրեն Սերայդարյանը:
«Վերջին ամիսների ընթացքում Ավստրիան անընդհատ խուսափում էր, որովհետեւ Ավստրիայում 4 հազար ավստրահպատակ թուրքեր երեկ արդեն դժգոհեցին, ցույցեր կազմակերպեցին: Բայց խորհրդարանում զանազան կուսակցություններ այն եզրակացության եկան, որ ցեղասպանությունն իր անունով պետք է կոչվի»,- ասաց նա:
Սուրեն Սերայդարյանի խոսքով՝ սրանով, սակայն, իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվում, եւ անգամ եթե աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Ցեղասպանությունը, դա չի նշանակի, թե հայ ժողովուրդն այլեւս պահանջ չունի։
Նշենք, որ Ավստրիայի Հանրապետության խորհրդարանը ապրիլի 22-ին ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ավստրիայի խորհրդարանը ընդունել է հայտարարության տեքստ, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգել է Ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























