Ամերիկայի Միացյալ Նահանգներում խաղալիքների արտադրությամբ զբաղվող ազգությամբ հայ Ռուբեն Թերզյանը ապրիլի 22-ին Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, իսկ ապրիլի 24-ին ուխտ է արել ոտաբոբիկ բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր.

«Հայոց ցեղասպանության մասին ամբողջ հայությունը մեկ խոսքով միաձայն պետք է խոսի: Մենք պետք է միասնական լինենք,  ազգային-հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները պետք է միավորվեն և միասին պայքարեն Ցեղասպանության ճանաչման համար>,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Թերզյանը:

Նրա խոսքով, ապրիլի 25-ից հետո էլ պետք է շարունակել պայքարը, թեև, այն ինչ կորցրել ենք այլևս վերականգնել հնարավոր չէ.

«Հայրս 10 տարեկան էր, երբ ցեղասպան թուրքերը նրա ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին կոտորել են: Հայրս փախել է և մինչև մահ այդպես էլ չի իմացել, թե իր ընտանիքի հետ իրականում ինչ է տեղի ունեցել: Մեր ազգի կորուստն անդառնալի է, մենք մի ամբողջ սերունդ ենք կորցրել, այնպես որ,  մեր պահանջները շատ են և մենք դրանք պետք է ներկայացնենք միջազգային հանրությանն  ու Թուրքիային»,-ասաց Թերզյանը: