Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցավ Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու եւ Համայն Արեւելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի եւ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ եւ Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն է  հայտնել  Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների հոգեւոր պետերի այս հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը նաեւ իր շնորհակալական խոսքն է ուղղել  վերջիններիս Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու առիթով:

Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների առաջնորդներին, ներկայացրեց սրբադասման արարողության կարեւոր նշանակությունը:

Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկել են  Արեւելյան Ուղղափառ Քույր Եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ կատարել  մասնավորապես Եկեղեցիների հավատացյալների առջեւ ծառացած մարտահրավերներին: Կարեւոր է նկատվել, որ վերականգնվի Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի պարբերական հանդիպումների ավանդությունը, ինչը կարեւոր խթան կլինի համագործակցության զորացման համար:

Ղպտի, Ասորի եւ Մալանկարա Եկեղեցիների առաջնորդները եւս գոհունակություն  են  հայտնել  Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ եւ իրենց հերթին վերահաստատել են  Քույր Եկեղեցիների հովվապետերի հանդիպումների կարեւորությունը: