Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները արդեն սկսվել են։ Այժմ կատարվում է նոր էներգաբլոկի կառուցման հրապարակի ընտրությունը, որի արդյունքները հաջորդ շաբաթ կներկայացվեն ԱԷՄԳ-ի փորձագետներին, որից հետո այն կներկայացվի վերջնական լիցենզիա ստանալու համար, եւ կսկսվեն նոր էներգաբլոկի նախագծման եւ  կառուցման աշխատանքները։ Այս մասին «Արմատ» ակումբում հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ ավելացելով, որ ատոմակայանի նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառուցել Մեծամորի ատոմակայանի առաջին եւ երկրորդ էներգաբլոկների մոտ։

Ըստ Մարտիրոսյանի՝  2012 թվականի վերջին արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները։

Մարտիրոսյանի խոսքով՝ նոր էներգաբլոկի կառուցման համար նախնական հաշվարկով  կծախսվի 5- 5.5 մլրդ դոլար, սակայն վերջնական գումարը դեռեւս ճշտված չէ։ Ատոմակայանը լինելու է հայ-ռուսական համատեղ սեփականություն՝ 50/50 բաժնեմասով։ Ներդրումները եւս կատարվելու են  այդ սկզբունքով։  

Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին» Ռուսաստանի կառավարության հետ կնքվելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզորությամբ ջրային էներգետիկ ռեակտորով, 60 տարվա շահագործման ժամկետով, Եվրոպական շահագործող կազմակերպությունների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացված նոր միջուկային էներգաբլոկների կառուցում: