Լեռնային Ղարաբաղի բնակչության համար Շուշիի ազատագրումը կենսական ճանապարհի բացում էր, որի շնորհիվ սկսվեցին մեր հաղթանակները։ Այս մասին մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ Ազգային արխիվում Շուշիի ազատագրման մասին փաստաթղթեր չկան։ Դրանք ռազմական արխիվներ են, եր բոլոր փաստաթղթերը պահվում են ՀՀ ՊՆ-ի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի արխիվներում։  «Պետք է լավ պահպանենք այդ իրադարձությունը փաստող առկա բոլոր փաստաթղթերը»,- ընդգծեց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, որ Շուշիի ազատագրումից հետո դադարեց Ստեփանակերտի ռմբակոծումը։ «Դա դարձավ մեր հաղթանակների սկիզբը, որոնք շարունակվեցին մինչեւ 1994թ.։ Շուշիի ազատագրումը մեզ համար ուներ նույն նշանակությունը, ինչ Մոսկվայի ճակատամարտը ԽՍՀՄ-ի համար»,- ասաց Վիրաբյանը։

Մայիսի 8-ին լրանում է ադրբեջանական զինված խմբավորումներից  ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Շուշի քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձը։