Հայաստանի ազգային արխիվը իր ռուս գործընկերների հետ համատեղ սկսել է պատրաստել «Կովկասյան ռազմական ճակատ» հավաքածուն, որը կհրատարակվի 2018թ.-ին։ Այդ մասին մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբանը՝ հավելելով, որ կներկայացվեն նաեւ ռուսական արխիվներում պահվող Ցեղասպանության մասին փաստաթղթերը։
Նրա խոսքով՝ ապրիլին Ազգային արխիվը բավական մեծ աշխատանք է տարել՝ աշխարհին ներկայացնելով Հայոց ցեղասպանության հետ կապ ունեցող արխիվները։ «Մենք արդեն 4 լեզուներով փաստաթղթեր ունենք, որոնք կապ ունեն Հայոց ցեղասպանության հետ։ Անգլերեն, ռուսերեն ու թուրքերեն փաստաթղթերը հրապարակվել են։ Թուրքերենով փաստաթղթերը հրապարակվել են Ստամբուլում, իսկ ռուսերենով փաստաթղթերը՝ Մոսկվայում։ Կան պատրաստի արխիվներ իսպաներենով, որոնք կհրապարակենք 1-2 ամիս անց»,- ասաց Վիրաբյանը։
Նա նշեց, որ շարունակվում է ոչ միայն ցեղասպանության, այլ նաեւ մեր մշակութային եւ նյութական կորուստների մասին պատմող փաստաթղթերի հրապարակումը։ «Ապրիլին Հայաստանի 6 քաղաքներում՝ Գավառում, Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում եւ Աշտարակում, Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ են բացվել»,- հավելեց Ազգային արխիվի տնօրենը։





























