Հայաստանի խորհրդարանում ոչ իշխանական եռյակը դեռ չի համագործակցում, բայց անհրաժեշտության դեպքում՝ դա լրիվ հնարավոր է: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը փոխվել է, բայց եթե նոր պայմաններում ԲՀԿ-ն ընդհանուր շահեր ու նպատակներ ունենա ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ, կուսակցությունը պատրաստ է համագործակցել նրանց եւ այլ քաղաքական ուժերի հետ: «Ակտիվ համաձայնեցված գործողություններ դեռ չկան, բայց կյանցը ցույց կտա»,-հայտարարել է Մելքումյանը:

Նրա կարծիքով, զինված իշխանափոխության կոչերը ոչ մի բանի չեն հանգեցնի: «Դա սպառնալիք է պետությանը, որովհետեւ մեկ հեղափոխությանը կհաջորդի մյուսը: Բայց մինչեւ 2017 թվականը չեմ բացառում համատեղ աշխատանքն ու պայքարը»,-հավելել է Մելքումյանը: