Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, անդրադառնալով Լյուքսեմբուրգում Թուրքիայի դեսպանին ետ կանչելու Անկարայի որոշմանը, հայտարարել է, որ դա իրենց համար անակնկալ չէր։ Luxemburger Wort պարբերականին տված հարցազրույցի ժամանակ արտգործնախարարը նշել է, որ դա բողոքի նոտա հայտնելու ամենահասարակ ձեւ է։ «Չեմ կարծում, որ այդ քայլով Թուրքիայի եւ Լյուքսեմբուրգի հարաբերությունները էականորեն կվատանան։ Մեր երկրները փոխկախվածության մեջ են գտնվում իրարից, ուստի մենք շարունակելու ենք աշխատել Անկարայի հետ մեր ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Ասելբորնը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ խստորեն դատապարտում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից 1915թ. հայերի սպանությունները ցեղասպանություն որակող որոշումը եւ հետ է կանչել Լյուքսեմբուգում Թուրքիայի դեսպան Լեւենթ Շահինքայային։

Ավելի վաղ մեկնաբանելով Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը, Ժան Ասելբորնը հայտարարել էր. «Մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի սարսափելի տանջանքների առջեւ»:

ԱԳ նախարարը նշել էր, որ հայերի սպանությունները ցեղասպանություն ճանաչելը Թուրքիայի հանդեպ «թշնամական քայլ» չէ, այլ երկու երկրներին ուղղված հաշտության կոչ: