Թուրքական մամուլն արդեն զավեշտով է վերաբերվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկների հանդեպ թուրքական իշխանությունների արձագանքին։

Թուրքական HaberartiTurk կայքն իր «Էրդողանի եւս մեկ բարեկամություն վերջացավ» հոդվածում անդրադարձել է ՌԴ նախագահի կողմից Ցեղասպանություն բառն արտասանելուց հետո Թուրքիայի արձագանքին եւ Էրդողանի հայտարարությանը։

«Իշխանության գալու առաջին օրերից արտաքին քաղաքականության մեջ «զրո խնդիր հարեւանների հետ» ուղեգծի մասին հայտարարած Էրդողանն իշխանության 13-րդ տարում դեռեւս բարեկամ մնացած մի քանի հարեւան երկրների ղեկավարներից մեկի՝ Պուտինի հետ բարեկամությունն էլ զրոյացրեց»,-գրել է թուրքական կայքը՝ մեջբերելով թուրք գիտնականների հետ հանդիպման ժամանակ Էրդողանի խոսքերը, թե ինքը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, հայտնել, որ կոտրված է Ցեղասպանության մասին նրա հայտարարությունից եւ չի բացառել դեսպանին հետ կանչելու տարբերակը։