Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանում մեկնարկած «INVEST ARMENIA 2015» բիզնես ֆորումին: Հայաստանում ներդրումների խթանմանն ու բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բիզնես ֆորումին մասնակցել են նաեւ ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրի առեւտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավելի սփյուռքահայ գործարարներ, միջազգային ներդրումային ֆոնդերի անդամներ, հայաստանցի գործարարներ ու Հայաստան ժամանած գործարար խմբեր:
Մասնակիցներին ուղղված ողջույնի իր խոսքում Երեւանի քաղաքապետը կարեւորելով համաժողովի անցկացումը, ընդգծել է, որ այն հրաշալի առիթ է ընձեռում Հայաստանի ու, մասնավորապես Երեւանի տնտեսության պոտենցիալը, ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար:
«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, բնականաբար, նոր պահանջներ են առաջադրում տնտեսական եւ գործարար դաշտում: Եվ այդ համատեքստում առանձնակի է կարեւորվում նման համաժողովների կազմակերպումը, քանզի սա նաեւ յուրօրինակ հարթակ է դառնում թե՛ երկուստեք գործարար հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար, եւ թե՛ հարմար առիթ՝ հաջողված փորձի փոխանակման ու նոր կապեր հաստատելու համար: Համաժողովի մասնակից երկրների աշխարհագրությունը, գործարար աշխարհի լավագույն ներկայացուցիչների մասնակցությունն էլ իրենց հերթին հրաշալի առիթ են ընձեռում Հայաստանի ու, մասնավորապես Երեւանի տնտեսության պոտենցիալը, ներդրումային հնարավորությունները գործարար աշխարհին ներկայացնելու համար: Ուզում եմ հավաստիացնել, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ բաց եւ պատրաստակամ է քննարկելու ներդրումային բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց հաստատուն նպաստը կարող են բերել մեր հինավուրց քաղաքին եւ մեր համաքաղաքացիների բարօրությանը»,- նշել է քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել ֆորումի մասնակիցներին:




























