Չինաստանը, համատեղելով Մետաքսի ճանապարհ եւ Եվրասիական տնտեսական  միություն նախագծերը, կդառնա ԵՏՄ ոչ ֆորմալ անդամ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի պետի առաջին տեղակալ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Այն, ինչ արել է Չինաստանը Մետաքսի ճանապարհի իրականացման համար, արդեն մեծ տնտեսական ենթակառուցվածքային նախագիծ է, որն  անցնում է այն երկրներով, որոնք այսպես թե այնպես Եվրասիական տնտեսական համագործակցության մեջ են գտնվում։ Չինաստանը կդառնա այդ համագործակցության անդամը՝ չլինելով նրա կազմում»,- ընդգծեց Կալաշնիկովը։

Նշենք, որ մայիսի 8-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինպինը բանակցությունների ավարտին ԵՏՄ եւ Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու նախագծերի իրականացումը միավորելու գործում համագործակցության մասին համատեղ հայտարարություն կստորագրեն։