Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը շարունակում է մասնակցել Հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Այնուհետեւ ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին: Եռատոնի միջոցառումների շրջանակում Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը:

Կառավարության ղեկավարի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Շուշիի արվեստի կենտրոնում «Շուշիից Շուշի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Շուշիի մարզահրապարակում տեղի է ունեցել եռատոնին նվիրված տոնական համերգ: