Վրաստանի խորհրդարանը մայիսի 9-ին վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանն ու նրա ծրագրին, որը կոչվում է. «Հանուն ուժեղ, ժողովրդավարական եւ միացյալ Վրաստանի»: Քննարկումները տեւել են 13 ժամ, որի արդյունքում կառավարության ծրագրին կողմ է քվեարկել 87, դեմ՝ 38 պատգամավոր (150-ից):

Վրաստանի կառավարությունը, որտեղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխել է երեք նախարարների, անցել է խորհրդարանի վստահության քվեն ստանալու ընթացակարգով: Դրա համար անհրաժեշտ է եղել ողջ օրը եւ գիշերվա կեսը, քվեարկությունը կայացել է այսօր լուսաբացին:

Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը եւ «Մեր Վրաստանաը-Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ են հանդես եկել եւ հայտարարել, որ կառավարությունը կորցրել է ժողովրդի վստահությունը:

Վստահության քվե ստանալու անհրաժեշտություն է ծագել այն բանից հետո, երբ կառավարության կազմի հաստատումից հետո այդ կազմի 1/3-ից ավելի փոփոխվել է (19 նախարարներից 7-ը):