Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հրամանագիր է ստորագրել Պապուա ինքնավար գավառից 5 բանտարկյալի ներում շնորհելու մասին, որտեղ անջատականները պայքարում են անկախության համար:

Գավառ այցի ընթացքում Վիդոդոն հայտարարել է, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է քայլ դառնա հակամարտության լուծման ճանապարհին:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, իրավապաշտպաները բազմիցս քննադատել են Ինդոնեզիային Պապուայում չափազանց կոշտ քաղաքականության համար: Այնտեղ մարդուն կարող են բանտ նստեցնել այն բանի համար, որ նա անկախության դրոշ է բարձրացրել կամ մասնակցել է բողոքի ակցիաների:

Պապուան Ինդոնեզիայի գավառ է Նոր Գվինեա կղզում, որտեղ գտնվում են նաեւ Պապուա-Նոր Գվինեա անկախ պետությունը եւ անկախության ձգտող Ինդոնեզիայի եւս մեկ գավառ՝ Արեւմտյան Պապուան: