ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի համար Մայիսի 9-նն առանձնակի նշանակություն ունի, քանի որ նրա պապը զոհվել է պատերազմում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը, որը Հաղթանակի զբոսայգում մասնակցեց Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, ծաղկներ դրեց Անհայտ զինվորի հուշակոթողին:
«Այս օրը նվիրական օր է ինձ համար: Իմ պապը 39թ. ֆիննական պատերազմին է մասնակցել, հաշմանդամություն է ստացել այդ պատերազմի ժամանակ եւ չնայած ազատում ուներ, կարող էր չգնալ պատերազմ, բայց որպես քաղաքացի, որպես հայ մարդ, կամավոր գնացել է ու հիմա թաղված է եղբայրական գերեզմանում: Ես համարում եմ սա իմ հարգանքի տուրք ոչ միայն իմ պապին, այլեւ այն հայորդիներին, որոնք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի»,- ասաց Հերմինե Նաղադլյանը:
Անդրադառանալով Արցախի ազատագրական պայքարում հայ ժողովրդի տարած հաղթանակին՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այն պատերազմը, որն ունենցել ենք ռազմի դաշտում, դեռ ընթանում է, եւ կարեւոր է գիտակցել, որ մենք շարունակվող պատերազմի մեջ ենք:
«Մեր բոլորի նպատակն ու թիրախն է, որ մենք կարողանանք հնարավորինս շուտ լուծում տանք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդրին, որ կարողանանք դուրս գալ դրանով պայմանավորված այն ռիսկային իրավիճակից, որի մեջ այժմ գտնվում է Հայաստանը, որ կարողանանք տնտեսությունը հանել ազատ զարգացման փուլ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ խնդիրների լուծման համար ժամկետ ասել չի կարող:





























