«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 162 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառերը հատելու պատճառով կին տեսուչը աշխատանքից ազատվել է: Դեպքի առթիվ NEWS.am-ը Բնապահպանության նախարարությունից մեկնաբանություն էր խնդրել, որտեղից մեզ փոխանցել էին հետեւյալը. ««Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանի 05.03.2015թվականի թիվ 17 հրամանի «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում կատարվել է արտահերթ ստուգողական ստուգումներ: Ստուգումների արդյունքում «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնի տեսուչ Մ. Պետրոսյանի տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված` տարբեր տրամագծի և տարբեր տեսակի 162 հատ կտրված կոճղեր, ընդհանուր ծավալով՝ 171.5 խ.մ, որոնց համար կազմվել է թիվ 027 անտառխախտման արձանագրություն և 26.03.2015 թվականին գրությունով ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին : «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով Մ. Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն և հեռացվել աշխատանքից՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու և կազմակերպությանը նյութական վնաս պատճառելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 162 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառեր են հատել՝ պետությանը պատճառելով 3.349.000 դրամ վնաս: NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ժ.16.45-ին Տավուշի մարզի դատախազությունից ստացվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում անհայտ անձանց կողմից թվով 162 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառերի ապօրինի հատելու վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մարտի 17-ին կազմված հաշվեգնահատման ցուցակը և կից հաշվարկների պատճենները: Պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 3.349.000 դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




























