Հայտնի չէ, թե ապրիլի 24-ի Պուտինի այցը Երեւան ինչպես կազդի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վրա: Դրա շուրջ բանակցություններն արդեն 1.5 ամիս դադարեցված են: Այս մասին գրում է լեհական Polityce.pl պարբերականը: Հրապարակման մեջ նշվում է.

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված հանդիսություններին: Թեեւ ավելի վաղ թուրքական խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, որ Էրդողանն ընդունելու է Պուտինի հրավերը:

Որոշումը փոխելու առիթն ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն է Երեւան: Անկարան մինչեւ հիմա հերքում է, որ 1915 թվականին այդպիսի հանցագործություն է տեղի ունեցել:

Երեւանում ունեցած ելույթում Պուտինն օգտագործեց Ցեղասպանություն բառը, ինչը սարսափելի զայրացրեց թուրքերին: Արտգործնախարարության հայտարարությունից հետո ելույթ ունեցավ նաեւ նախագահ Էրդողանը:

Ով գիտե, արդյո՞ք Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների սրացումն ազդի «Թուրքական հոսք»-ի շինարարության վրա: Ամեն դեպքում, ռուս-թուրքական բանակցություններն արդեն մեկուկես ամիս մեռած կետում են: Երեւանում Պուտինի ելույթից հետո Անկարայի դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ: Ռուսաստանին, որն արդեն սկսել է կառուցել գազատարի իր հատվածը, հապաղման ամեն օրը մեծ ծախսեր է բերում: Հաշվարկների համաձայն, կես տարվա հապաղումը Մոսկվային մի քանի հարյուր միլիոն եվրո կարժենա:

Անկարան զգայուն է արձագանքում Հայոց ցեղասպանության շուրջ մեղադրանքներին եւ կարող է նույնիսկ զոհել իր շահերը, որպեսզի առաջ տանի 1915 թվականի իրադարձությունների մասին սեփական վարկածը: Այդ մասին լավ գիտի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այդ պատճառով նա չլսեց բազմաթիվ մարդկանց, ովքեր պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մոսկվայի համար էլ շարունակում է առանցքային գործընկեր մնալ Հայաստանը, որի համար Ցեղասպանությունն ազգային ինքնագիտության կենտրոնում է: Նախագահ Պուտինը չցանկացավ զիջել ռուս-հայկական հարաբերությունները եւ ժամանեց Երեւան: Դա անհրաժեշտ էր, քանի որ վերջին շրջանում Հայաստանում հակառուսական տրամադրությունները լրջորեն աճել են: Դա տեղի ունեցավ Գյումրիի ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած իրադարձություններից հետո:

Ինչ իրավիճակ կստեղծվի հետագայում, հայտնի չէ: Ամեն ինչ կախված է երկու կողմի վերաբերմունքից, յուրաքանչյուրն իր սկզբունքներն ունի: Ի՞նչն ավելի կարեւոր կդառնա. հավատարմությունը սկզբունքներին, թե՞ ընդհանուր շահերը»: