Կանադան Ուկրաինային 30 մլն կանադական դոլար (մոտ 25 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի՝ «մարդասիրական նպատակներով եւ ժողովրդավարության ինստիտուտների զարգացման համար»: Նման խոստում է տվել Կանադայի ԱԳ նախարար Դուգլաս Նիքոլսոնը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Նիքոլսոնը Պորոշենկոյին հիշեցրել է Կանադայի վարչապետի խոսքը, որ «աշխարհը փոխվում է, բայց առաջիկա 5 օրերին կամ 5 ամիսներին կամ 50 տարիներին դուք կարող եք աջակցություն ակնկալել Կանադայի կողմից», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պորոշենկոյի մամուլի ծառայության փոխանցմամբ, Կանադայի ԱԳ նախարարը նշել է, որ Դոնբասում իրավիճակի կարգավորումը «Կանադայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»:
Ի պատասխան Պորոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինան «հստակորեն կատարում է մինսկյան պայմանավորվածությունները», իսկ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զինված կողմնակիցները խախտում են այդ համաձայնությունները:
Ապրիլին Կանադան պաշտոնապես հայտարարել է, որ 200 ռազմական հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա, որոնք կուսուցանեն ուկրաինացի զինվորականներին: Այս որոշումն առաջացրել է Մոսկվայի բացասական արձագանքը:





























