Թուրքիայի քրդական ընտրազանգվածը քիչ ձայն կտա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին։ Այս մասին Polskie Radio 24-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի թուրքագետ եւ կովկասագետ Կոնրադ Զաշտովտը՝ մեկնաբանելով հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Նրա խոսքով՝ Սիրթ քաղաքում քրդական ընտրազանգվածների առջեւ քրդերեն Ղուրանով ելույթ ունենալը Էրդողանի կողմից փորձ էր իր կողմը գրավել քուրդ ընտրողներին։ Քրդերը միշտ առանձին են եղել. նրանց մի մասը քվեարկել է Էրդողանի կուսակցության, մի մասն էլ՝ քրդական կուսակցության օգտին։

«Այսուհանդերձ, այս անգամ քրդերը ավելի շուտ կքվեարկեն իրենց կուսակցության օգտին։ Այդ պատճառով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արդյունքը չի լինի սպասվածի պես»,- հայտարարել է Զաշտովտը։

«Այս պահին «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ամենալավ օրերը չի ապրում։ 10-ամյա հաղթանակների շարքը պետք է վերջ ունենա։ Սկսած 2013թ. Գեզի զբոսայգու ցույցերից եւ հետո «Խոշոր կաշառք» սկանդալից, կուսակցության հեղինակությունը սասանվել է»,- կարծում է փորձագետը։