Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ ներողություն խնդրել Վաշինգթոն կատարվելիք այցը չեղյալ հայտարարելու համար, տեղեկացնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին հանդիպում կունենա Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների ղեկավարների հետ։ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ թագավորը ներկա չի լինի այդ հանդիպմանը։ Շատ դիտորդներ դա գնահատեցին որպես ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների վատթարացում։
ԱՄՆ-ը աջակցում է Եմենում հուսի ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի իրականացրած ռազմական գործողություններին, սակայն լիովին չի կիսում տարածաշրջանում Իրանի գերիշխանության դեմ պայքարելու Սաուդյան Արաբիայի նպատակներն ու խնդիրները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ներողություն է խնդրել գագաթնաժողովից բացակայելու համար եւ նշել է, որ կուղարկի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Նայեֆին եւ նրա տեղակալ Մուհամմեդ բեն Սալմանին։





























