Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱԶԲ Գործադիր տնօրենի տեղակալ Դոմինիկ Ուոլթեն-Ֆրանսը եւ Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համատեղ համագործակցությունը, անդրադարձել են իրականացվող ծրագրերին, ընդգծել ինովացիոն ծրագրերի առաջնայնությունը, ինչպես նաեւ քննարկել են կանանց ձեռներեցության աջակցման ծրագրին առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող ծրագրերում մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր հարթակի ստեղծման եւ տեղական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շրջանակների ընդլայնման հարցը:





























