Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ամերիկյան նախկին լրագրող Լու Ուրենեկը Մեն նահանգում «Մեծ կրակ» անվանումով նոր գիրք է հրատարակել, որը ներկայացնում է սպանություններից եւ տեղահանություններից գրեթե 10 տարի անց տեղի ունեցած իրադարձությունները:
Ըստ MPBN կայքի, գիրքը պատմում է մի ամերիկացու ջանքերի մասին, որը, հնարավոր է, 250 հազար մարդու՝ հայերի եւ հույների կյանք է խլել:
Լու Ուրենեկը նշել է. «Զմյուռնիան Օսմանյան կայսրության հարուստ, զարգացած եւ կոսմոպոլիտ քաղաք էր Թուրքիայի արեւմուտքում՝ Էգեյան ծովի ափին, շուրջ կես միլիոն բնակչությամբ: Պատմությունը տեղի է ունենում 1922 թվականին՝ կրոնական հողի վրա 10-ամյա զտումների ավարտին: Հայոց ցեղասպանությունը դրա մասն էր: 1922 թվականի սեպտեմբերին թուրքական ազգայնական բանակը մտավ Զմյուռնիա, հրդեհեց քաղաքը եւ սկսեց կոտորել քրիստոնյա բնակիչներին: Զմյուռնիան հիմնականում քրիստոնյա քաղաք էր: Այնտեղ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին բնակվում՝ քրիստոնյա հայեր, հույներ, հրեաներ, թուրքեր, եվրոպացիներ, բայց այն հիմնականում քրիստոնյա քաղաք էր: Սպանդ սկսվեց, որը հանգեցրեց սարսափելի մարդասիրական իրավիճակի: Մարդիկ սովահար էին, առանց ջրի, հիվանդությունները թեւածում էին քաղաքում: Թուրքական բանակը տղամարդկանց առանձնացրեց կանանցից եւ տղամարդկանց ուղարկեց երթի Թուրքիայի ներսում, ինչը չէր տարբերվում այն ամենից, ինչ 1915 եւ 1915 թվականների տեղահանությունների ժամանակ տեղի ունեցավ հայերի հետ»:
Գրքի հեղինակը նաեւ հավելել է. «Այդ ժամանակ մեծ գերտերությունները, հիմնականում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, ռազմանավեր ունեին նավահանգստում, բայց բոլորն էլ որոշեցին չմիջամտել: Եվ այդ պահին հրաշքով օգնության հասավ Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածի փոքրիկ մի քաղաքից հոգեւորական, ով աննշան պաշտոն ուներ Զմյուռնիայի Պատանեկան քրիստոնեական ասոցիացիայում: Նա ձգտում էր ինչ-որ բան անել՝ տառապող մարդկանց փրկելու համար: Նրա անունն էր Ասա Ջենինգս: Նա որոշակի քայլեր ձեռնարկեց, ինչը հանգեցրեց 250 հազար մարդկանց տարհանման: Նախ նա կաշառք տվեց իտալական նավի կապիտանին, եւ նա կարողացավ քաղաքից 2.000 մարդ դուրս բերել: Որոշ ժամանակ անց նա 50 նավից բաղկացած նավատորմ բերեց: Նա կարողացավ Զմյուռնիայից առնվազն 250 հազար մարդու փրկել, որոնք, ամենայն հավանականությամբ, կմեռնեին»:





























