Հայտնի է, որ մեր երկրում ընտանեկան ավանդույթները բավական կայուն են: Նույնիսկ կատակով ասում են. Հայաստանում ծնողները երեխաներին խնամում են մինչեւ իրենց (երեխաների) թոշակի տարիքը: Այդ պատճառով էլ երեխաները, որպես կանոն, խնամում են իրենց ծերացած ծնողներին: Սակայն նաեւ բացառություններ են լինում: Կա՛մ երեխաներն անշնորհակալ են, կա՛մ միջոցներ չունեն նույնիսկ իրենց պահելու համար:
Գերմանիայում, քառամյա վաղեմության տվյալների համաձայն, 12.400 ծերանոց կա, որտեղ 743 հազար մարդ է բնակվում: Դա 80 տարեկանն անց մարդկանց շուրջ 30%-ն է կազմում: Եթե Հայաստանում նույնպիսի համամասնություն լիներ, ապա ծերանոցներում շուրջ 32 հազար մարդ կբնակվեր:
Սակայն վերջերս հրապարակված տվյալների համաձայն, անցյալ տարեվերջին տարեցների եւ հաշմանդամների ինտերնատներում 1.200-ից պակաս մարդ է բնակվել: Ընդ որում, այնտեղ ապրողներից միայն 269-ը երեխա ունի: Հավելենք, որ անցյալ տարի 92 հոգի վերադարձել է հարազատների մոտ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեցների եւ հաշմանդամների սոցիալական ապահովության 8 կազմակերպություն կա, որոնցից 4-ը՝ պետական (ներառյալ Վարդենիսի հոգենյարդաբանական ինտերնատը): Որոշակի հաշվարկներ կատարելու դեպքում, չոր թվերը հետաքրքիր տեղեկատվություն են տրամադրում: Այսպես, ասենք՝ պետական հաստատությունների 10 ննջարաններին միջինը շուրջ 40 մարդ է բաժին հասնում, մասնավորներին՝ 25 (այսինքն, մեկ ննջարանում՝ 2-3 մարդ):
Միաժամանակ, պետական հաստատություններում ննջարանների միջին մակերեսն ավելի փոքր է, քան մասնավորներինը. 21.8 ք.մ.՝ 24 ք.մ.-ի դիմաց: Այնպես որ՝ մասնավոր հաստատություններն այդ առումով պետականներից ավելի հարմարավետ են:
Պետական ինտերնատների ճաշարանների միջին մակերեսն ավելի քան 2 անգամ գերազանցում են մասնավորներինը: Բայց այս դեպքում նույնպես առավելությունը մասնավորների օգտին է: Վերջինների յուրաքանչյուր բնակչի, ի տարբերություն պետական ինտերնատների բնակիչների, ճաշարանում 1.3 ք.մ.-ով ավելի շատ է տարածք է բաժին հասնում:
Ընթացիկ վերանորոգման կարիք ունի 5 շենք, որոնցից 4-ը՝ պետական: Տաք ջրամատակարարման կարիք ունի 2 հաստատություն, երկուսն էլ՝ պետական: Ինչպես տեսնում ենք, մասնավոր կազմակերպություններն առավելություն ունեն պետականների նկատմամբ: Վերջինները կարող են «պարծենալ» միայն մարզասրահի, մեծ քանակությամբ աշխատասենյակների, բուժկետի եւ գրադարանի առկայությամբ:





























