Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը կստիպի մտածել ամրանների ներկրման նոր միջոցների մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Մետեքս» ՓԲԸ տնօրեն Հայկազ Բախշեցյանը։

Եթե նախկինում Հայաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների միջեւ գործում էր ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ապա Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանում Ուկրաինայից ներկրված ամրանների համար 5 տոկոսանոց տուրք է սահմանվել։

Բաշխեցյանը նշեց, որ Ռուսաստանից ամրան ներկրելն այսպե թե այնպես շահավետ չէ, քանի որ Ուկրաինայի գործարանները նավահանգիստներին ավելի մոտ են։ Մասնավորապես «ԱրսելորՄիտտալ Կրիվոյ Ռոգ»-ը, որտեղից Հայաստանը ներկրում է ամրաններ զգալի մասը, Իլյիչեւսկ նավահանգստից 350 կմ հեռավորության վրա է գտնվում։ Իսկ Ռուսաստանում Սեւ ծովին ամենամոտ գտնվող գործարանը Կովկաս նավահանգստից գնացքով 1200 կմ հեռու է։

Համեմատության համար նշենք, որ նախկինում Իլյիչեւսկ-Փոթի/Բաթում-Հայաստան երթուղով ամրան փոխադրելը արժեր մեկ տոննայի համար 100 դոլար։ «Իսկ Ռուսաստանից մեր հաշվարկներով կարժենա 170 դոլար։ Բավական չէ, որ հեռու է, այնտեղ դեռ պետք է գնացքից տեղափոխել Կովկաս նավահանգիստ, իսկ հետո Փոթից էլ նորից գնացք բեռնել»,- նշեց «Մետեքսի» տնօրենը։

«Հնարավոր է, որ անգամ տուրքի պարագայում ուկրաինական ամրանները ավելի էժան կարժենան, քան ռուսականը։ Պատրաստի սխեմա դեռ չունենք, պետք է մտածենք»,- հավելեց նա։