Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզի նամակները, որոնցում նա խորհրդարանականներին իր կարծիքն է հայտնում այս կամ այն քաղաքական հարցերի շուրջ, մայիսի 13-ին կհրապարակվեն Մեծ Բրիտանիայում, փոխանցում է Guardian-ը։
2004-2005թթ. գրած 27 նամակները արքայազնի անհասկանալի ձեռագրի եւ անտեղի օգտագործվող բացականչական նշանների պատճառով Բրիտանիայում ստացել են «սեւ սարդի գրություններ» անվանումը։ Մարտի վերջին Գերագույն դատարանը մերժեց այդ նամակները գաղտնի պահելու բրիտանական կառավարության խնդրանքը։
Թերթը հայտնում է, որ նամակները որոշակի խմբագրումից հետո կհրապարակվեն, որպեսզի մամուլը հնարավորություն ստանա օգտագործել դրանք իր նյութերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նամակների բովանդակությունը բացահայտելու պահանջ էր ներկայացրել Guardian-ի լրագրող Ռոբ Էվանսը։ Կառավարությունը դեմ էր դրան, ինչի հետեւանքով գործը հասավ դատարան։ Անցյալ տարի Վերաքննիչ դատարանը հայտարարել էր, որ կառավարությունը լուրջ պատճառներ չունի այդ նամակների բովանդակությունը գաղտնի պահելու համար։
Նշենք, որ թեեւ թագավորական ընտանիքի անդամները իրավունք չունեն խառնվել քաղաքականությանը, արքայազն Չարլզը իր անզգույշ հայտարարությունների պատճառով հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում։





























