ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի գործընթացին, միաժամանակ Դաշինքն անհանգստացած է շփման գծում իրավիճակի վատթարացմամբ: Այս մասին Azernews թերթին տված հարցազրույցում նշել է Հարավային կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

Նրա խոսքով Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ափաթուրայը հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացը արդյունքներ կտա, հավելելով, որ ՆԱՏՕ-ն ուղղակի դեր չունի խաղաղ կարգավորման գործընթացում:

Նրա խոսքով ՆԱՏՕ-ն կարող է միայն օգնող դեր խաղալ, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական գործիչների, դիվանագետների ու զինվորականների միջեւ շփումների համար պայմաններ ստեղծել բազմակողմ հանդիպումների կուլիսներում:

«Ես հույս ունեմ, որ նման շփումները կարող են դրական ազդեցություն ունենալ, եւ ես ուրախ կլինեի, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կուլիսներում»,-հավելել է Ափաթուրայը: