Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի եւ արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի մեկնարկային հանդիպմանը:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ ոստիկանության, ԱԳՆ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են «Պայքար ընդդեմ կոռուպցիայի եւ արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագիրը, դրանից բխող տարածաշրջանային, տարբեր երկրների կողմից իրականացվելիք միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված առաջընթացները, «Պայքար ընդդեմ կոռուպցիայի եւ արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները:

Ներկայացվել են նաեւ առաջարկներ՝ մեկնարկային ծրագրի վերաբերյալ: