Մայիսի 12-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ATHENA» նախագծի արդյունքների համեմատական հենանշման երկօրյա ֆորումը:
Եվրամիության «Տեմպուս» ծրագրի «ATHENA» նախագծի (Աջակցություն Եվրոպական հարեւանության տարածքի բուհերի ինքնավարության ու կայունության ամրապնդմանը) ֆորումը նվիրված է Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի բուհական համակարգի ինքնավարությանը եւ կայունությանն առնչվող մարտահրավերների, նախագծի շրջանակներում այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքների, առկա խնդիրների համեմատական վերհանմանն ու վերլուծությանը:
Ֆորումի մասնակիցներին նախ ողջունեց ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը եւ ընդգծեց, որ «ATHENA» նախագիծը կարեւոր է հայաստանյան բուհերի զարգացման համար: Այնուհետեւ նախագծի կարեւորության, ինչպես նաեւ երկրների բուհական համակարգի ներկայիս վիճակի եւ արդեն իսկ գրանցված դրական արդյունքների մասին խոսեցին գործընկեր երկրների ներկայացուցիչներ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Պետրո Բեխը եւ Մոլդովայի տնտեսագիտության ակադեմիայի ներկայացուցիչ, Եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «ATHENA» նախագծի ազգային համակարգող Օլեսիա Սիրբուն:
Զեկուցումներն ընդգրկում էին Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի բուհերի ինքնավարության ու կայունության մարտահրավերների, խնդիրների առկայության ու ընկալման համակարգային եւ ինստիտուցիոնալ մակարդակները, ձեռնարկված ու ձեռնարկվելիք միջոցառումներն այդ երկրների կրթական քաղաքականությունը մշակող կառույցների եւ բուհերի կողմից:
Նշված խնդիրների վերաբերյալ տեսլականը բացահայտող զեկուցում կարդաց նաեւ նախագծի համակարգող, Եվրոպական համալսարանների ընկերակցության բաժնի վարիչ Թոմաս Էստերմանը:
Իսկ մայիսի 13-ին «ATHENA» նախագիծն ամփոփեց աշխատանքները եւ հրապարակեց ծրագրի արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էին Բոլոնյան կրթական համակարգում ընդգրկված երկրների մի շարք նախարարներ ու փորձագետներ:
Նախագծի արդյունքների հրապարակումն անցկացվում է Երեւանում կայանալիք Բոլոնյան համակարգի նախարարական համաժողովի նախօրեին՝ նպատակ հետապնդելով համաժողովի մասնակից նախարարներին եւ փորձագետներին փոխանցել տեղեկատվություն Հայաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի բուհերի ինքնավարության ընդհանուր իրավիճակի, առկա խնդիրների եւ «ATHENA» նախագծի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին:
Եվրոպական համալսարանների ընկերակցության բաժնի վարիչ Թոմաս Էստերմանը Բոլոնյան համակարգի նախարարական գագաթնաժողովի ներկայացուցիչներին ներկայացրեց «ATHENA» նախագիծը, դրա շրջանակներում իրականացված ծրագրերը, գրանցված արդյունքներն ու հետագա համագործակցությունը շարունակելու համար ձեռք բերված համաձայնությունները:
Մինչ հիմնական ելույթները ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը հյուրերին ներկայացրեց Մայր բուհի պատմությունը, ուսումնական գործընթացն ու կրթական ծրագրերը, ինչպես նաեւ անդրադարձավ միջազգային համագործակցությանը:
Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Եվրոպական համալսարանների ասոցիացիայի նախագահ Լեսլի Վիլսոնը, Ընկերակցության կառավարման, ֆինանսների եւ հանրային քաղաքականության զարգացման բաժնի վարիչ Թոմաս Էստերմանը, ԵՊՀ ռեկտոր, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը եւ Ընկերակցության բարձրագույն կրթական քաղաքականության բաժնի վարիչ Մայքլ Գեբելը:
Միջոցառմանը ներկա էին նաեւ Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի մի շարք բուհերի, կրթության եւ գիտության նախարարությունների, ինչպես նաեւ Եվրոպական համալսարանների ընկերակցության ներկայացուցիչներ:
Հավելենք, որ «ATHENA» նախագծի գլխավոր համակարգողը Եվրոպական համալսարանների ասոցիացիան է: Որպես գործընկերներ՝ Հայաստանից ներգրավված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը եւ Գավառի պետական համալսարանը: Նախագծի հայաստանյան համակարգողն է Երեւանի պետական համալսարանը:





























