Մեծի Տան Կիկիլիո կաթողիկոս Արամ Ա.-ի կողմից Սիսի կաթողիկոսությանը պատկանող գույքի վերադարձի կամ փոխհատուցման հայցի քննարկումը Թուրքիայի Սահմանադրական դատարանը կարող է ձգձգել եւ հայկական կողմը պետք է դա հաշվի առնի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Կիլիկիո հայոց կաթողիկոս Արամ Ա.-ի հայցով Թուրքիայի համար սկսվեց մղձավանջային ժամանակահատվածը։ Թուրքիան ամենաշատը խուսափում էր հենց փոխհատուցման հետ կապված դատերից եւ այսօր այն դեմ առ դեմ է հայտնվել դրանց հետ։

Իսպիրյանի խոսքով՝ Սիսի կաթողիկոսկան կալվածքների հետ վերադարձի հետ կապված թուրքական իշխանությունները դեռ լռություն են պահպանում։ Թեմայի հետ կապված արձագանքել է միայն Սիսի քաղաքապետ, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Օզթուրքը, ով բացահայտ ընդունեց պետական բռնազավթման փաստը, սակայն փորձեց մեջբերել Լոզանի պայմանագրի դրույթներից մեկը, ըստ որի, պայնագրի կնքումից հետ 6 ամսվա մեջ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող էին հետ գալ եւ պահանջել իրենց գույքը, սակայն չեն արել դա։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչքան կարող է տեւել Թուրքիայի ՍԴ-ի քննարկումը հայցի հետ կապված, թուրքագետը հիշեցրեց թուրքական դատաիրավական համակարգի տխուր ավանդույթը, ըստ, որի բազմաթիվ դատավարություններ ձգվել են տարիներով, այնքան, որ որոշ դեպքերում նույնիսկ մեղադրյալներն ու գործը քննող դատախազներն են մահացել։ Իսպիրյանը շեշտեց, որ հայկական կողմը չպետք է սպասի Թուրքիայի ՍԴ-ի որոշմանը, այլ զուգահեռ պետք է շարունակի աշխատանքներն այլ հայցերի հետ կապված։

Հաջորդ բանախոս ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցերի բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը շեշտեց, որ Սիսի կալվածքները վերադարձնելու պահանջը տեղավորվում է համահայկական հռչակագրի տրամաբանության մեջ, որտեղ կան որոշ շեշտադրումներ, որ պայքարն այլեւս չպետք է սահմանափակվի միայն ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով եւ պետք է առաջ քաշվի հետեւանքների հաղթահարման գործընթացը։

Արմեն Մարուքյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հայցն ունի հեռահար նպատակ, Թուրքիայի ՍԴ-ի կողմից հայցը չբավարարելու դեպքում, հայցը վերահասցեագրվելու է ՄԻԵԴ։