Իրենց աշխատավարձերի պատքի մարման եւ «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու պահանջով Կառավարության առջեւ երկօրյա նստացույց սկսած մի քանի տասնյակ նաիրիտցիներն այսօր՝ մայիսի 14-ին՝ «ամոթ» գոռալով մոտեցան կառավարության շենքից դուրս եկող Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին՝ ցանկանալով նրան հիշեցնել, թե գործարանը որքան օգուտ է տվել Հայաստանին:
«Դուք տեղյա՞կ եք՝ «Նաիրիտ» գործարանն ինչքան օգուտ է տվել Հայաստանին ու հայ ժողովրդին»,- փոխնախարարին դիմեց գործարանի նախկին աշխատակից Սամվել Հովհաննիսյանը։ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ իր ժամանակ «Նաիրիտը չի եղել», ինչին Սամվել Հովհաննիսյանը զարմանքով արձագանքեց. «Ինչի՞, դուք անչափահա՞ս եք»։
Քոչարյանը նկատեց, որ գործարանի հարցն իր իրավասությունների մեջ չի մտնում եւ հեռացավ:
Նաիրիտցիները շարունակում են նստացույցը, ակցիան հսկում են մոտ 2 տասնյակ ոստիկաններ:
Նաիրիտցիները հայտարարել են, որ նստացույցը տեւելու է երկու օր, կավարտվի շաբաթ առավոտյան: Նրանք կառավարության մոտ կմնան նաեւ գիշերը՝ միմյանց հերթափոխելով:
Նաիրիտցիներին միացել են նաեւ այլ քաղաքացիներ, որոնք օգնել են նրանց պաստառներ եւ թռուցիկներ պատրաստել:





























