Կարմիր գույնն ուժեղ ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա: Որոշ դեպքերում, օրինակ՝ կարեւոր հանդիպման կամ ղեկավար դիրքի համար հարցազրույցի ժամանակ, կարմիր գույնը կարող է շահեկան լինել: Իսկ եթե մարդը ցանկանում է թիմային աշխատանք ստանալ, չպետք է այդ գույնի հագուստ հագնի:

Ըստ The Hindustan Times-ի, Դարեմի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը 50 կին եւ 50 տղամարդ է մասնակցել: Կամավորներին տարբեր գույնի շապիկով տղամարդկանց լուսանկարներ են ցուցադրել: Մասնակիցները որոշել են, որ կարմիր շապիկներով տղամարդիկ ավելի ագրեսիվ են, քան կապույտ կամ մոխրագույն շապիկ հագածները: Փորձի մասնակից տղամարդիկ կարմիր հագուստով տղամարդկանց նաեւ ավելի ազդեցիկ են կոչել, իսկ կանայք այդպես չեն կարծել:

MedDaily-ի փոխանցմամբ, ավելի վաղ մասնագետների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել. կարմիր գույնը կարող է ազդել մարզական արդյունքների վրա: Այն բարձրացնում է ագրեսիայի մակարդակը, մրցակցին հաղթելու հնարավորությունները, ինչպես նաեւ վախեցնում է հակառակորդին:

Ներկայում մասնագետները մարտարվեստների մրցումների կազմակերպիչների հետ քննարկում են նոր կանոններ սահմանելու անհրաժեշտությունը, քանի որ հագուստում կարմիր գույնի առկայությունը կարող է մարզիկներին անարդար առավելություն տալ: