Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները երկու մակակների սովորեցրել են մինչեւ 90% ճշտությամբ որոշել մարդկանց սեռը: Դրա համար նրանք կապիկներին տղամարդկանց եւ կանանց դեմքերը ցուցադրել են էկրանի կենտրոնից փոքր-ինչ աջ կամ ձախ: Այնուհետեւ լուսանկարների վերեւում կամ ներքեւում կետեր են հայտնվել: The Daily Mail-ի փոխանցմամբ, եթե լուսանկարում կնոջ դեմք է պատկերված եղել, կենդանիները նայել են վերեւի կետին, իսկ եթե տղամարդու՝ ներքեւի:

Այնուհետեւ գիտնականները չափել են կապիկների ուղեղի նեյրոնների ակտիվությունը: Մասնագետները պարզել են, թե կեղեւի որ հատվածներում ավելի շատ նեյրոն կա, որը պատասխանատու է դեմքերը տարբերակելու համար: Դրանից հետո այդ գոտում ArchT սպիտակուց են ներարկել, որը լույսի ազդեցությամբ ճնշել է նեյրոնների ակտիվությունը:

Ըստ MedDaily-ի, մեկ ամիս անց մակակներին 1600 տղամարդու եւ կնոջ դիմանկար են ցույց տվել: Գիտափորձի ժամանակ գիտնականները կանաչ լույսի միջոցով ազդել են կապիկների ուղեղի որոշակի հատվածների վրա: Երբ սպիտակուցը ճնշել է նեյրոնների ակտիվության վրա, կենդանիները տղամարդկանց կանանցից ավելի վատ են տարբերել: