Հայ ազգային կոնգրես ԱԺ խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Մայիսի 5-ին ԱԺ աշխատակազմից արդեն վերցվել է 44 ստորագրություններ հավաքելու համապատասխան ձեւաթուղթը, որը գտնվում է ԱԺ ՀԱԿ խմբակցությունում: ՀԱԿ հայտարարության մեջ նշված է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները աննախադեպ՝ միջին հաշվով շուրջ 40 տոկոսով, բարձրացնելու հայտերով: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013 և 2014 թվականներին արդեն իսկ երկու անգամ բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար, համապատասխանաբար 26 և 10 տոկոսով: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից   հերթական հայտը բավարարելու պարագայում,  էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար 2013թ.-ի հուլիսի 1-ի համեմատությամբ կկրկնապատկվի,: «Էլեկտրաէներգիայի սակագնի անընդհատ բարձրացման գլխավոր պատճառներից մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական ծանր վիճակն է, որը, պաշտոնական ֆինանսական հաշվետվությունների համաձայն, կուտակել է շուրջ 250 մլն. ԱՄՆ դոլարի չափով պարտքեր: «ՀՀ էներգետիկայի բնագավառը կառավարող պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ահռելի չափերի հասնող պարտքերը կուտակվել են չարաշահումների արդյունքում, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումը նորանոր խնդիրներ է հարուցելու ինչպես Հայաստանի տնտեսության համար` խթանելով գնաճը, այնպես էլ սոցիալական ոլորտում` նվազեցնելով բնակչության եկամուտներն ու գնողունակությունը, էլեկտրաէներգետիկական համակարգը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,-ասված է հայտարարության մեջ: